Рубрика: Պատմություն 6

ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵՌՆԱՇԽԱՐՀԻ ԽՈՇՈՐ ԳԵՏԵՐՆ ՈՒ ԼՃԵՐԸ

Հայկական լեռնաշխարհը հայտնի է իր երեք խոշոր և բազմաթիվ միջին ու փոքր մեծության լճերով։ Դեպի ծով ելք չունեցող Հայաստանում խոշոր լճերը սովորաբար կոչվել են ծով կամ ծովակ։ Խոշորներից Սևանա լիճը, որ հնում հայտնի էր Գեղամա կամ Գեղարքունյաց ծով անունով, ներկայումս գտնվում է Հայաստանի Հանրապետության տարածքում։ Այն աշխարհի բարձրադիր լճերից է, ունի քաղցրահամ ջուր։ Այս ձկնառատ (իշխան, գեղարքունի և այլն) լիճն են թափվում 29 գետեր ու գետակներ, իսկ նրանից սկիզբ է առնում միայն Հրազդան գետը։ 

Հայոց մայր գետը Երասխն է կամ Արաքսը, որի ավազանն ամբողջությամբ մտնում է Հայկական լեռնաշխարհի մեջ: Երասխի ակունքները գտնվում են Բյուրակնյան լեռների շրջանում: Հնում Երասխն անջատ թափվում էր Կասպից ծով, բայց ժամանակի ընթացքում գետը փոխել է հունը և միացել Կուրին: Երասխն ունի բազմաթիվ վտակներ` Ախուրյան, Քասախ, Հրազդան, Արփա, Որոտան, Ողջի, Տղմուտ և այլն: Վաղնջագույն ժամանակներից Երասխն ունեցել է տնտեսական և քաղաքական հսկայական նշանակություն: Նրա միջին հոսանքի ավազանում է տարածվում Հայկական լեռնաշխարհի ամենամեծ և արգավանդ հարթությունը` Արարատյան դաշտը, որը դարեր շարունակ եղել է հայոց պետականության քաղաքական կենտրոնը` արքայանիստ ոստանը: 

Եփրատ գետը

Եփրատն Առաջավոր Ասիայի ամենաերկար գետն է (3065 կմ), իսկ Տիգրիսը (1850 կմ)` ամենաջրառատ: Եփրատը կազմված է երկու բազուկներից` Արևմտյան և Արևելյան: Արևմտյան Եփրատը սկիզբ է առնում Կարին (Էրզրում) քաղաքից հյուսիս գտնվող Ծաղկավետ լեռներից: Դարեր ի վեր համարվել է Մեծ Հայքի արևմտյան սահմանը: Արևելյան Եփրատը` Արածանին, սկզբնավորվում է Ծաղկանց լեռներից: Եփրատի երկու բազուկներն իրար միանում են Ծոփքի Կապան քաղաքի մոտակայքում և կազմում միասնական Եփրատ, որն այնուհետև դուրս գալով Հայկական լեռնաշխարհի սահմաններից` հոսում է Միջագետքով: Միանալով Տիգրիսին` Եփրատը կազմում է Շատ-էլ-Արաբ գետը, որն էլ թափվում է Պարսից ծոց:

Տիգրիս

Տիգրիսը նույնպես կազմված է արևմտյան և արևելյան բազուկներից: Արևմտյան Տիգրիսի ակունքները գտնվում են Ծոփքի տարածքում, Ծովք լճակի մոտ: Դուրս գալով լեռնաշխարհի սահմաններից` Տիգրիսը հոսում է Միջագետքով, միանում Եփրատին ու դրա հետ միասին թափվում Պարսից ծոց:

Կուր

Կուրը սկզբնավորվում է Տայք նահանգի Կող գավառի Կրիակունք գյուղի շրջակայքից: Իր հիմնական մասով հոսում է Հայկական լեռնաշխարհի սահմաններից դուրս, սակայն հնագույն ժամանակներում Մեծ Հայքը սահմանազատել է Վիրքից և Աղվանքից: Մուղանի դաշտում Կուրին է միանում Երասխը, որից հետո նրանք միասին թափվում են Կասպից ծով:

Բարձր Հայք նահանգից սկիզբ են առնում և Սև ծով թափվում Հալիս (Ալիս), Գայլ գետերը: Սև ծովի ավազանին է պատկանում նաև Սպերում գտնվող Չորմայրի լեռներից սկիզբ առնող Ճորոխ գետը:

Լեռնաշխարհի տարածքում հանդիպում են բազմաթիվ լճեր և լճակներ: Առավել խոշորներն ենԿապուտան (Ուրմիո), Վանա և Սևանա լճերը: 

Ուրմիո լիճ

Ուրմիո լիճը ընկած է Իրանական բարձրավանդակի սահմանագլխին: Մակերեսով Կապուտանը նշված երեք լճերից ամենամեծն է (շուրջ 5900 քառ. կմ), անհոսք փակ ավազան է և ունի աղի ջուր, որի պատճառով այստեղ ոչ մի ձկնատեսակ չի բազմանում: Գոլորշիացման բարձր աստիճանի պատճառով լճի հայելին անընդհատ կրճատվում է: Կապուտանի ափամերձ գոտին ունի աղի հաստ շերտ: Լիճ են թափվում մի շարք գետեր, որոնցից են Սալմաստը, Ուրմիան, Արասխը և այլն:

Վանա լիճ
Վանա լիճը հայտնի է նաև Բզնունյաց, Տոսպա, Ռշտունյաց անուններով: Տարածքով երկրորդն է Հայկական լեռնաշխարհում (շուրջ 3800 քառ. կմ), անհոսք լիճ է` խիստ աղի ջրով: Լճի մակարդակը մշտապես տատանվում է` մերթ իջնելով, մերթ բարձրանալով: Այսպես, 1841 թ.ջրի խիստ բարձրացման հետևանքով լիճը ծածկել է հնագույն Արճեշ քաղաքը:Աղթամար ավանը նույնպես ջրասույզ է եղել: Այդ է պատճառը, որ «Աշխարհացույցում» հիշատակվող յոթ կղզիներից մեր օրերում մնացել են միայն Աղթամարը, Արտերը, Կտուցը և Լիմը, որոնցից ամենանշանավորը Աղթամարն է` Ս. Խաչ հոյակապ վանքով: Լճում բազմանում է միայն մեկ ձկնատեսակ` տառեխը: Վանա լիճը կազմում է փակ ավազան` իր մեջ ընդունելով այլևայլ գետեր և գետակներ: Վանա լճի ավազանը հայկական պետականության հնագույն բնօրրան է: Միաժամանակ այն տնտեսական և մշակութային խոշոր նշանակություն ունեցող շրջան է: Լճի ափերին կառուցվել են բազմաթիվ բնակավայրեր` Վանը, Արճեշը, Արծկեն, Խլաթը, Դատվանը, Ոստանը և այլն:

Սևանա լիճ

Սևանա լիճը, որը հնում կոչվել է Գեղամա կամ Գեղարքունյաց ծով, ունի քաղցրահամ ջուր և հարուստ է բազմապիսի ձկնատեսակներով (իշխան, կողակ, բախտակ, ինչպես նաև վերջին տասնամյակներին այստեղ բերված սիգ): Մինչև մակարդակի արհեստական իջեցումը լիճն ուներ շուրջ 1420 քառ. կմտարածություն (այժմ` 1240 քառ. կմ ) և գտնվում էր 1919 մ բարձրության վրա (ներկայումս Սևանը 18 մ-ով ցածր է): Ուներ մեկ կղզի, որն այժմ վերածվել է թերակղզու: Այստեղ է գտնվում նշանավոր Սևանա վանքը (Սևանի անապատ)` Ս. Աստվածածին և Ս. Առաքելոց եկեղեցիներով: Սևանա լիճ են թափվում 28 գետ ու գետակ, որոնցից առավել հայտնի են Ձկնագետը, Գավառագետը, Վարդենիսը, Մասրիկը: Դեռ ուրարտական ժամանակներում կառուցված հատուկ ջրանցքով Սևանից սկիզբ է առնում Հրազդանը: Վերոհիշյալ լճերից բացի լեռնաշխարհի տարբեր շրջաններում հանդիպում են բազմաթիվ մանր լճակներ (մասամբ` աղի), որոնցից հատնի ենԱրճակը, Գայլատուն, Ծովքը, Նազիկը, Արփան, Փարվանան և այլն: